ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

«Զանգվածային ընտրակաշառք»` Վրաստանի նախագահական ընտրություններից առաջ

«Զանգվածային ընտրակաշառք»` Վրաստանի նախագահական ընտրություններից առաջ
25.11.2018 | 07:07

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ Վրաստանի իշխանությունները հայտարարեցին, որ կզրոյացնեն 600 000 քաղաքացիների պարտքերը բանկերին: Պարտքերը փակում է միլիարդատեր և նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրամը: Le Monde գրում է, որ անակնկալ նախընտրական խոստումը էլեկտրականացրեց ընտրարշավը: Մեկ շաբաթ առաջ նախագահական ընտրությունների երկրորդ փուլից, երբ թեկնածուները կատաղի պայքար են մղում հաղթանակի համար, բանկային պարտքերը զրոյացնելու նորությունը իրական անակնկալ էր: Իրադարձությունների նախընտրական շրջադարձը որքան հանճարեղ, նույնքան կասկածելի է: Նոյեմբերի 19-ին Վրաստանի կառավարությունը պայմանավորվեց բանկերի հետ 600 000 հաճախորդների պարտքերը փակելու մասին (Վրաստանի բնակչությունը 3,7 միլիոն է): Դա վերաբերում է միայն նրանց, որ չեն կարողացել պարտքը մարել անցյալ տարի և ում պարտքը չի գերազանցում է 660 եվրոն (ամենամսյա միջին աշխատավարձի համարյա կրկնակին): Հավանաբար` բոլոր կասկածները ցրելու համար վարչապետ Մամուկա Բախտաձեն շտապեց հավաստել, որ հարցը արդեն մի քանի ամիս քննարկվում է: Սակայն վարչապետի հայտարությունը չհամոզեց նրանց, որ իշխանություններին մեղադրում են նախընտրական մանևրի մեջ: Ոչ կառավարական երեք ազդեցիկ կազմակերպություններ, նրանց թվում Transparency International-ը, անցյալ շաբաթ հայտարարեցին, որ պարտքերի զրոյացումը ընտրություններում աննախադեպ կոռուպցիայի դեպք է, որով պիտի արդարադատությունը զբաղվի: Առայժմ հայտնի չէ` ինչպես է գործարքն արվելու, բայց հայտնի է, որ 495 միլիոն եվրո ծախսը իր վրա է վերցնում «Քարթու» հիմնադրամը, որի հիմնադիրը միլիարդատեր ու նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին է: Le Monde-ը նրան անվանում է ոչ միայն Վրաստանի ամենահարուստ մարդը, այլև քաղաքական կնքահայրը, որ կարողացավ 2013-ին քաղաքականությունից դուրս մղել Միխայիլ Սահակաշվիլիին: Պաշտոնապես Բիձինա Իվանիշվիլին սոսկ «Վրացական երազանքի» նախագահն է, որ ղեկավարում է իշխող կոալիցիան, սակայն դե ֆակտո նա մնում է Վրաստանի կառավարության «տերը»: Թեպետ Վրաստանի նախագահը հիմնականում ներկայացուցչական իրավասություններ ունի, այս ընտրությունները սպառնալիք են Իվանիշվիլիի փաստական իշխանությանը:


Ֆրանսիացի դիվանագետ և նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, ում աջակցում է «Վրացական երազանքը», հոկտեմբերի 28-ին նախագահական ընտրությունների առաջին փուլում ստացել է ձայների 38,6%-ը: Նախկինում նա Վրաստանի դեսպանն էր Ֆրանսիայում, հետո` Վրաստանի ԱԳ նախարարը: Նրա մրցակիցը ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեն է` նախկին սովետական դիվանագետ և Միխայիլ Սահակաշվիլիի զինակիցը: Առաջին փուլում նա ստացել է ձայների 37,7%-ը:


Le Monde-ին հարցազրույցում Սալոմե Զուրաբիշվիլին ընդունել է, որ բանկային պարտքերի դուրսգրման խոստումի մեջ նախընտրական երանգ կա, բայց ընդգծել է, որ հասարակության աղքատ շերտերի պարտքը պրոբլեմ է, որ վաղուց կառավարության օրակարգում է: «Դա մեզ հուզող կետերից միայն մեկն է»` ասել է ընդդիմադիր պատգամավոր Գեորգի Կանդելակին` քննադատելով իշխանությունների նախընտրական նվերը հանությանը: Նա բողոքում է, որ ընդդիմադիրներին վախեցնում են ու բռնություն են կիրառում նրանց նկատմամբ, ընտրողներին կաշառում են, օգտագործում են վարչական ռեսուրսները ընտրարշավում: Սահակաշվիլիի կողմնակիցներին լայնադիր պաստառներում անվանում են «նացիստներ», իսկ Գրիգոլ Վաշաձեն պատկերվում է ՊԱԿ-ի գործակալի տեսքով: Սալոմե Զուրաբիշվին ու նրա ընտանիքը հաղորդել են իրենց ուղղված սպառնալիքների մասին, որոնց թիկունքում նախագահի թեկնածուն տեսնում է ընդդիմության ձեռքը: Զուրաբիշվիլին հարձակումների թիրախ դարձավ, երբ հայտարարեց, որ 2008-ի օգոստոսին Ռուսաստանի հետ պատերազմը հրահրել է Վրաստանը:


Հազիվ թե այս լարված իրավիճակը Վրաստանում կարելի է անսովոր ավանել: Երկիրը քաղաքականապես խիստ մասնատված է, հատկապես Միխայիլ Սահակաշվիլիի նկատմամբ վերաբերմունքի հարցում, որ Ուկրաինայում հիմնավորվելու անհաջող փորձից հետո ստիպված էր հեռանալ և հիմա տարագիր է Նիդեռլանդներում: Նրա շատ կողմնակիցներ բանտերում են: Ստեղծված իրավիճակը Բիձինա Իվանիշվիլիի ստվերային կառավարման 6 տարիներին ձևավորված ոչ պաշտոնական համակարգի կազմալուծման նշան է: Միլիարդատերը վճռել է բոլոր ջանքերը գործադրել, որ ընդդիմությանը ոչինչ չտա, նույնիսկ նախագահի պաշտոնը: Վերջին օրերին նախընտրական պաստառներում Զուրաբիշվիլիի, որ ձևականորեն համարվում է անկախ թեկնածու, նկարներին փոխարինել են Իվանիշվիլիի և իշխող կուսակցության այլ անդամների նկարները: Վրաստանի անառողջ քաղաքական մթնոլորտը սկսում է տագնապներ հարուցել արևմտյան մայրաքաղաքներում: Թբիլիսին, որ ԵՄ ասոցացման համաձայնագիր է ստորագրել, երկար ժամանակ համարվում էր տարածաշրջանի մյուս երկրների համար ժողովրդավարության օրինակ: Բացառյալ Բալթյան հանրապետությունները, Վրաստանը հետխորհրդային միակ երկիրն է, որ ապացուցել է քաղաքական պլյուրալիզմ ապահովելու և քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցների համար ընդունելի պայմաններում իշխանության փոխանցման կարողությունը:
Le Monde


Հ.Գ. Այսօր Վրաստանը վերջին անգամ համաժողովրդական ընտրություններով նախագահ է ընտրում և արդեն ընտրությունները զուգահեռվում են նախընտրական զանգվածային կոռուպցիայի հետ: Իսկ երկու շաբաթից Հայաստանը արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացնի և արևմտյան մայրաքաղաքներին կստիպի ընդունել, որ ժողովրդավարության մայրաքաղաքը տարածաշրջանում Վրաստանից տեղափոխվում է Երևան: Դա ժամանակի մեջ կստիպի նաև միջազգային կառույցներին Հարավային Կովկասում իրենց գրասենյակները Թբիլիսիում չկենտրոնացնել: Հաճելի հեռանկար է: Եվ` շահավետ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2391

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ